Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը

Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը
25.04.2025 | 16:10

Աղքատության, հարկերի, պետական պարտքի, տեղական ծառայության վճարների (քաղաքային տրանսպորտ, ավտոկայանատեղի և այլն) ու գների աճի ֆոնին աչք է ծակում հայաստանյան բանկերի շահութաբերության կտրուկ աճը:

2024թ. ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ: Դա 900 միլիոն դոլարի չափ է: 363 միլիարդն ավելի քան 60 տոկոսով գերազանցում է 2023թ. շահութաբերությունը:

2025թ. առաջին երեք ամսում Հայաստանի բանկերի զուտ շահույթը կազմել է 100,6 մլրդ դրամ կամ ավելի քան 250 միլիոն դոլար, որը 17,5 մլրդ դրամով կամ 21%-ով գերազանցում է 2024-ի առաջին եռամսյակի արդյունքները:

Բանկային ոլորտում արձանագրված գերշահույթները պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից են՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, ռուս ռելոկանտների ֆինանսական շարժերը և այլն: Հայաստանի բանկերն ու գործարարների մի նեղ շրջանակ շահում են միջնորդական գործունեությունից:

Բանկերի շահույթների վրա, բացի արտաքին գործոններից, ազդում են նաև ներքին գործոնները: Բանն այն է, որ բանկային գործարքները Հայաստանում թանկացել են: Ամեն ինչից միջնորդավճար է վերցվում, ընդ որում՝ անտրամաբանական: Բարձր են նաև վարկային տոկոսադրույքները: Բանկը ոչ թե օժանդակում է բիզնեսին, այլ փաստացի փայ է մտնում՝ զրոյական ռիսկով:

Վարկերի տակ կքած քաղաքացիների օգտին ու շահումով խաղերի դեմ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խնդիրները խորացել են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարկային ռեկետի, շահումով խաղերի կազմակերպիչները աստղաբաշխական եկամուտներ են ստանում:

Ստվերային տնտեսության դեմ պայքարի քողի տակ և անկանխիկ գործարքների լոզունգների ներքո Փաշինյանն ու իշխանական հովանավորությունը վայելող բանկային ոլորտը, շահումով խաղերի կազմակերպիչները դատարկում են ՀՀ քաղաքացիների գրպանները:

Փաշինյանն ուզում է տոտալ վերահսկողություն սահմանել դրամական շարժի վրա, ինչը նրա համար նաև քաղաքական վերահսկողության գործիք է: Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ բանկային գաղտնիք կոչվածը վերացվել է, ապա ստանում ենք ֆինանսաքաղաքական բռնապետություն:

Փաշինյանն արագաչափերը և տեսախցիկները վերացնելու, քաղաքացիներին վարկային գերությունից ազատելու և նմանատիպ այլ խոստումների միջոցով խաբեց ՀՀ քաղաքացուն: Հիմա եկել է քաղաքացու վրեժի պահը: Նիկոլ Փաշինյանի ստերից ու ռեկետից տուժածների վրեժի ժամանակը:

Հ.Գ. Ի դեպ, հարևան Վրաստանի հետ մեր բանկային ծառայությունների գների համեմատությունն ի վնաս մեզ է: Այստեղ բառիս բուն իմաստով ֆինանսապես քերթում են քաղաքացուն:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ